Բաց դաս՝ Գեղանուշի դպրոցում

Այսօր Գեղանուշի միջնակարգ դպրոցում  անցկացվեց բաց դաս՝ բնապահպանության թեմայով, որը նպատակ ուներ աշակերտների մեջ ամրապնդել էկոլոգիական գիտելիքներ, նրանց մոտ զարգացնել  սեր և հոգատարություն դեպի բնությունը:  Բնության պահպանության մեթոդներն աշակերտները ցուցադրեցին գործնականում՝ քիմիական փորձերի և թատերական ներկայացումների  միջոցով: Բաց դասն անցկացվեց կոմբինատի աջակցությամբ կառուցված նոր բացօթյա դասասենյակում, որի գործարկումը ազդարարող  ժապավենը կտրվեց այսօր:

Միջոցառմանը ներկա էին նաև ձեռնարկության ղեկավարությունը, ովքեր բաց դասի ավարտից հետո դպրոցի աշակերտական խորհրդի կողմից ստեղծված «Կանաչ գրքում»  գրառեցին մթնոլորտի պահպանության վերաբերյալ իրենց առաջարկությունները: Դպրոցում նաև  պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կոմբինատն աջակցելու է մեկ այլ  նոր նախաձեռնության  իրականացմանը. նախատեսվում  է ստեղծել ջերմոցային տնտեսություն:

Դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը ուսուցչական անձնակազմի ու աշակերտների անունից շնորհակալություն հայտնեց կոմբինատի ղեկավարությանը կրթօջախում  իրականացվող ծրագրերին աջակցելու, ինչպես նաև ամեն տարի աշակերտների դասագրքերի վարձավճարների փոխհատուցումը,  վերջիններիս ուղևորափոխադրումները կազմակերպելու և այլ սոցիալական ծրագրեր իրականացնելու համար:

Գեղանուշում  ընկերության  գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը  և  «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերության արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը ծանոթացան կոմբինատի կողմից իրականացվող մեկ այլ նախաձեռնության՝ Գեղանուշի նախակրթարանի հիմնանորոգման աշխատանքներին: